Վիեննայում բացվել Է ՕՊԷՔ-ի նիստը
Международные новостиԱվստրիայի մայրաքաղաքում բացվել Է ՕՊԷՔ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպության) մասնակից երկրների նավթի եւ Էներգետիկայի նախարարների նիստը:
Ինչպես սպասվում Է, ՕՊԷՔ-ը որոշում կընդունի չփոխել նավթի արդյունահանման բաժնեչափերը եւ դրանք պահպանել օրական 30 մլն բարելի նշագծին: ՕՊԷՔ-ի՝ նոյեմբերին կայացած նախորդ նիստում նույնպես որոշում Էր ընդունվել պահպանել բաժնեչափերը, չնայած մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 30 տոկոսով նավթի համաշխարհային գների անկմանը:
Շուկայի մասնակիցները նույնպես նիստին նախորդող օրերին նշել են նավթի արդյունահանումը պահպանելու կամ նույնիսկ այն ավելացնելու պլանների մասին: Հունիսի 3-4-ին Վիեննայում տեղի Է ունեցել ՕՊԷՔ-ի վեցերորդ միջազգային սեմինարը, նման ձեւաչափով ճյուղի առաջատարները երկու-երեք տարին մեկ քննարկում են աշխարհի նավթաշուկաների միտումները:
Նավթի արդյունահանումը նվազեցնելու առաջարկներ չեն եղել:
Սեմինարի ընթացքում Իրաքի նավթի նախարար Ադել Աբդել Մահդին, մասնավորապես, հայտարարել Է, որ աշխարհում նավթի սպառման աճը կարող Է Իրաքին թույլ տալ առաջիկա տարիներին ավելացնել նավթի հանույթը: Քուվեյթի նավթի նախարար Ալի ալ Օմարը, ելույթ ունենալով սեմինարում, հայտարարել Է, որ իր երկիրը պահպանում Է մինչեւ 2020 թվականը ածխաջրածինների արդյունահանումը օրական մինչեւ 4 մլն բարել ավելացնելու պլանները, ինչը գրեթե 40 տոկոսով ավելի Է արդյունահանման ներկայիս մակարդակից:
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումն արդեն կարճաժամկետ հեռանկարում կարող Է բերել շուկայում նավթի առաջարկի ավելացման: Այդ դեպքում Իրանը կարող Է նավթի արդյունահանումն արագորեն ավելացնել օրական 600-700 հազար բարելով: Նման գնահատական Է տվել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ընդսմին նա հայտարարել Է, թե չի լսել հունիսի 5-ին նավթի արդյունահանման բաժնեչափերը փոփոխելու ՕՊԷՔ-ի երկրների պլանների մասին: «Ես ոչ մեկից չեմ լսել նավթի արդյունահանման ծավալները փոխելու առաջարկներ»,-ընդգծել Է նախարարը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս սպասումների ֆոնին շարունակվում Է նավթի համաշխարհային գների անկումը: Այսպես, 2015 թվականի հուլիսի մատակարարման Բրենտ մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը հունիսի 4-ին Լոնդոնի ICE սակարանում նվազել Է 1,99 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 64,2 դոլար: