Գերմանիայի հարավում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
Международные новостиՀունիսի 7-ին Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը: Դրա անցկացման վայրը Բավարական Ալպերում գտնվող Էլմա ամրոցն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով` այնտեղ կհավաքվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: ԵՄ կառույցները կներկայացնեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Որպես հյուրեր Էլմա են հրավիրվել մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներառյալ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգավորիչ Քրիսթին Լագարդը: G7 երկրների առաջնորդների հետ կհանդիպեն նաև Եթովպիայի, Լիբերայի, Նիգերիայի, Թունիսի, ՀԱՀ-ի և Իրաքի ղեկավարության ներկայացուցիչները:
Օրակարգում կլինեն շրջակա միջավայրի պաշտպանությունը, հակամարտությունների կարգավորումը և անվտանգության քաղաքականությունը: Կքննարկվեն մասնավորապես Ուկրաինայի ճգնաժամը, Մերձավոր Արևելքի դրությունը, Իրանի միջուկային ծրագիրը և Հարավ-Չինական ծովում անվտանգությունը:
Հունաստանի և միջազգային վարկատուների բանակցություններն առանձին թեմայով առանձնացված չեն: