Դևիդ Քեմերոնը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ժամանելով Բավարիա` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, կողմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգմանը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
«Մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպան միասնական կմնա», - հայտնել է Քեմերոնը լրագրողներին` միաժամանակ խոստովանելով, որ «պատժամիջոցները կազդեն բոլոր երկրների վրա»:
Այսօր ավելի վաղ Գերմանիայում` գագաթնաժողովին ընդառաջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման և ընդլայնման մասին կարծիք է հայտնել նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Հիշեցնենք, որ Բավարիայի Էլմաու ամրոցում կիրակի մեկնարկել է երկօրյա հանդիպումը, որին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարներ Դևիդ Քեմերոնը, Մատեո Ռենցին, Սթիվեն Հարփերը և Սինդզո Աբեն: ԵՄ-ն հանդիպմանը ներկայացնում են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: