Եվրախորհրդարանը կքննարկի Եվրոպական խաղերն ու Ադրբեջանում մարդու իրավունքները
Международные новостиԵվրախորհրդարանը Բաքվի Եվրոպական խաղերի ենթատեքստում կուսումնասիրի սպորտի եւ մարդու իրավունքների հարցը։ Ինչպես տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական էջից, հարցը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից հունիսի 10-ի լիագումար նիստի ժամանակ կներկայացնի պատգամավոր Ելենա Վալանսիանոն։
Մասնավորապես Եվրախորհրդարանի կայքում ներկայացված քննարկման տեքստում նշվում է, որ մարզական իրադարձությունները դրանք ընդունող երկրների կողմից կարող են օգտագործվել ավտորիտար ռեժիմների գլոբալ վարկանիշը եւ անձնական հեղինակությունը բարձրացնելու նպատակով։
«Առաջիկա միջազգային մարզական միջոցառումները, ինչպես Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Եվրոպական խաղերն են, ԵՄ-ի համար կարեւոր եւ զգայական ընտրություն են։ Համաշխարհային առաջնորդները միշտ հրավիրված են լինում բացման արարողությանը, եւ դա հնարավորություն է տալիս ինքնակալներին օրինականացնել իրենց իշխանությունը եւ բարելավել վարկանիշը ինչպես բուն երկրում, այնպես էլ արտասահմանում»,- ասված է Եվրախորհրդարանի կայքում։
Հեղինակների խոսքերով՝ Ադրբեջանում իրավապաշտպանների, լրագրողների եւ այլ անկախ ձայների մեծ մասը Եվրոպական խաղերից առաջ բանտում են հայտնվել։