Ադրբեջանին քննադատող բրիտանացի լրագրողին երկրից կարտաքսեն
Международные новостиԱռաջին Եվրոպական խաղերը լուսաբանելու նպատակով Բաքու ժամանած բրիտանացի լրագրող Էմմա Հյուզին արտաքսելու են երկրից` Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Սպորտը հանուն մարդու» հարթակի մասնակից Էմմային սահմանապահները թույլ չեն տվել դուրս գալ Բաքվի օդանավակայանից` հայտնելով, որ լրագրողի անունն անցանկալի անձանց «կարմիր ցուցակում» է: Բրիտանուհուց վերցրել են անձնագիրը և հայտնել, որ նա արտաքսվելու է երկրից:
«Ինձ ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով և հնարավոր է, որ արտաքսեն: Այս երկրում լրագրողները, ակտիվիստները, գիտնականները, գրողները, իրավաբանները` բոլորը հայտնվել են ճաղերի ետևում: Այս երկրի ապագան էլ է ճաղերի հետևում»,- ասել է Հյուզն իր գործընկերների հետ հեռախոսազրույցում:
Վերջին օրերին Էմմա Հյուզն ակտիվ աշխատանքներ էր տանում «Սպորտը հանուն մարդու» հարթակի շրջանակներում, որի նպատակը հանրության ուշադրությունն Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրի վրա հրավիրելն էր: Նա հավատարմագրվել էր Եվրոպական խաղերը լուսաբանելու նպատակով: