Էրդողանը հանդիպել է քեմալական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալի հետ
Международные новостиԹուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ Անկարայի Չանքայա պալատում հանդիպում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության նախկին նախագահ, Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալի և Էրդողանի միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Նախքան Անթալիայից մեկնելը Բայկալը նախագահական գրասենյակից ստացած հրավերի մասին հայտնել է ՀԺԿ ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նրա համաձայնությունը ստանալուց հետո նոր միայն մեկնել:
Էրդողանի հետ հանդիպման ավարտից հետո Բայկալը, ով լինելու է մեջլիսի խոսնակի պաշտոնակատար` որպես ամենատարեց պատգամավոր, լրագրողներին հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի Ազգային մեջ ժողովի աշխատանքներին առնչվող հարցեր: Նա նշել է, որ կոալիցիայի մասին որևէ խոսք չի գնացել: Լրագրողի այն հարցին, թե հավանական համարում է ՀԺԿ-ի կողմից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելը, Բայկալը նշել է, որ ինքն այս հարցով խոսելու կամ տարբերակներ առաջարկելու լիազորություններ չունի: Նա տեղեկացրել է նաև, որ Էրդողանի հետ հանդիպման մանրամասները հայտնելու է Քեմալ Քըլըչդարօղլուին:
Էրդողան-Բայկալ հանդիպմանն արդեն արձագանքել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումն ԱԶԿ-ՀԺԿ կոլաիցիայի ճանապարհին առաջին քայլն է: Նա Էրդողանի հետ Դենիզ Բայկալի հանդիպումը մեծ քաղաքական սխալ է որակել` հիշեցնելով, որ երկրի նախագահը կոալիցիա կազմելու որևէ լիազորություն չունի:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխող ԱԶԿ-ն չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջիններս նախապես արդեն հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություննե ր: