Հռոմի պապը հորդորել է Պուտինին խաղաղություն հաստատել Ուկրաինայում
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել նրան՝ «զգալի եւ անկեղծ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար»:
Ինչպես տեղեկացնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում, որը շարունակվել է շուրջ 50 րոպե, քահանայապետը եւ ՌԴ նախագահը համակարծիք են եղել, որ Դոնբասի իրադրության կայունացման համար անհրաժեշտ է հակամարտության կողմերի միջեւ վերականգնել երկխոսության մթնոլորտը:
Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը եւ Պուտինը կարեւորել են Մինսկում Ուկրաինայի իշխանությունների եւ երկրի արեւելքում երկու ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների ստորագրած խաղաղ համաձայնագրերի կատարումը:
Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ Հռոմի պապը եւ նախագահ Պուտինը քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ մտահոգություն հայտնել այդ տարածաշրջանի քրիստոնեական համայնքի ճակատագրի կապակցությամբ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսը Պուտինին մեդալիոն է նվիրել խաղաղության հրեշտակի պատկերով: «Այս հրեշտակը շահում է բոլոր պատերազմները եւ միավորվելու կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց»,- ասել է քահանայապետը:
Ինչ վերաբերում Վլադիմիր Պուտինի արձագանքին, ապա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ զրույցի ընթացքում նա դրական է գնահատել քահանայապետի հետ կայացած հանդիպումը:
Հռոմի պապի հետ հանդիպման նախաձեռնողը եղել է Պուտինը, որը պաշտոնական այցով ժամանել էր Իտալիա: