Վրաստանում ջրհեղեղի կրկնության մտավախություն կա
Международные новостиnews.am-ը գրում է.
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարար Գիգլա Ագուլաշվիլին չի բացառում Թբիլիսիում աղետալի ջրհեղեղի կրկնության հնարավորությունը:
«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ, ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը, աննախադեպ հորդառատ անձրեւների արդյունքում: Վերջին տվյալներով, 12 մարդ է զոհվել (11-ի անձը հաստատվել է): Ընդհանուր առմամբ 266 մարդ է տուժել, որոնցից 37-ը հիվանդանոցներում են, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Հեղեղը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Ջրի տակ է անցել նաեւ քաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով կենդանիների մեծ մասն ազատության մեջ է հայտնվել:
«Երեկոյան տեղումներ են սպասվում, բայց ոչ այն ծավալով, ինչպես երեկ էր: Սակայն վաղվանից տեղումների քանակը կավելանա: Չի բացառվում, որ կիրակի օրվա տեղի ունեցածը կրկնվի, բայց հնարավորությունը փոքր է»,- հաղորդել է Ագուլաշվիլին:
Նա նաեւ նշել է, որ ներկայում փրկարարական աշխատանքներն իրականացնելն այնքան էլ անվտանգ չէ:
«Մենք հանդես ենք եկել որոնողական աշխատանքները դադարեցնելու եւ առավոտյան վերսկսելու նախաձեռնությամբ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Երեկ Թբիլիսիում 20 սողանքային գոտի է հայտնվել, հատկապես ծանր վիճակ է Ծկնեթիում եւ Ախալդաբայում»,- նշել է նախարարը: