Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը անկանխատեսելի վտանգ Է համաշխարհային տնտեսության համար. Մարտին Շուլց
Международные новостиԵվրոգոտուց Հունաստանի դուրս գալն անկանխատեսելի հետեւանքներով Է հղի համաշխարհային տնտեսության համար: Այս կարծիքը հայտնել Է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ հունիսի 14-ի երեկոյան ARD հեռուստաալիքում ելույթ ունենալով Գյունտեր Յաուհի թոք շոուի ժամանակ:
Շուլցը բացատրել Է, որ շաբաթ եւ կիրակի օրերին տեխնիկական մակարդակով Բրյուսելում կայացած բանակցությունները ոչ թե դադարեցվել են, այլ ընդհատվել: «Ես տեսնում եմ լույսի նշույլը, բայց մեզ դժվարին աշխատանք Է սպասում»,-ընդգծել Է ԵԽ-ի ղեկավարը: Նա նաեւ վստահություն Է հայտնել, որ այս շաբաթ բանակցային գործընթացի կողմերին կհաջողվի հաղթահարել բոլոր տարաձայնությունները:
Անդրադառնալով եվրոգոտուց Աթենքի հնարավոր դուրս գալուն՝ Շուլցը նշել Է, որ իրադարձությունների նման ընթացքը անմիջական վտանգ չի ներկայացնում Գերմանիայի համար: Սակայն Յոթի խմբի գծով ԳՖՀ-ի գործընկերների, մասնավորապես, Իտալիայի եւ Ֆրանսիայի համար դա կարող Է բացասական հետեւանքներ ունենալ: Օրինակ, Իտալիայում, Եվրախորհրդարանի նախագահի կարծիքով, մեկ հարվածով կարող են ոչնչացվել իրականացվող բոլոր բարեփոխումները: «Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը անկանխատեսելի վտանգ Է համաշխարհային տնտեսության համար»,-ասել Է Շուլցը:
Դրա հետ մեկտեղ, ԵԽ-ի ղեկավարը նշել Է. «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք Հունաստանին եվրոգոտում պահելու համար»:
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ լրացուցիչ ֆինասավորման եւ պարտային հիմնախնդրի լուծման շուրջ վարկատուների հետ Հունաստանի համաձայնագիրը դժվարին որոշումներ կպահանջի բոլոր կողմերից:
«Հուսալի համաձայնագիրը դժվարին որոշումներ կպահանջի բոլոր մասնակիցներից»,- գրել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը հաստատության պաշտոնական բլոգում այն բանից հետո, երբ Հունաստանի եւ նրա վարկատուների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայացած հերթական փուլն ավարտվել է անարդյունք:
Բլանշարի խոսքով՝ համաձայնագիրը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հունաստանի կառավարությունը համաձայնի բարձրացնել մի շարք կատեգորիաների ապրանքների հավելադիր արժեքի հարկը եւ իրականացնել թոշակների նոր կրճատումներ՝ «բարելավելու երկրի ֆինանսները, որը գտնվում է սնանկացման եզրին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: