ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցումը լայն հնարավորություն է ստեղծում հայ ոսկերիչների համար
Международные новостиԵվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Ղրղզական շուկա ազատ մուտք ունենալու հնարավորության սպասում են հայ ոսկերիչները, ովքեր կարող են իրանց արտադրանքը լայնորեն իրացնել այդ 6 միլիոնանոց շուկայում: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության պայմանագրին Հայաստանի՝ առանձին արձանագրությամբ միանալու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին: «Թե ինչ կշահի Հայաստանը Ղրղզստանի անդամակցությունից, կախված կլինի նրանից, թե մեր գործարարներն ինչպես կկարողանան օգտվել իրենց ընձեռված հնարավորություններից: Ես պետք է ասեմ, որ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությամբ, մասնավորապես, մեր ոսկերիչների համար շատ մեծ շուկա է ստեղծվում, որպեսզի նրանք կարողանան առանց խոչընդոտների մտնել ղրղզական շուկա»,- նշեց նա:
Կարայանը վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության համաձայնագրին միանալով՝ Հայաստանն այլ լրացուցիչ պարտավորություններ չի ստանձնում, ֆինանսական որևէ պարտավորվածություն չի ունենում:
Պատգամավորի հարցին, թե Ղրղզստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ի՞նչ մակարդակի վրա է, Սուրեն Կարայանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շատ թույլ է՝ ընդգծելով, որ Ղրղզստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է` առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար: