Չինաստանը եւ Ավստրալիան համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին
Международные новостиՉինաստանը եւ Ավստրալիան համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին, որի շուրջ բանակցությունները շարունակվում էին տասը տարի: Համապատասխան արարողությունը տեղի է ունեցել Կանբերայում:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ համաձայնագրի պայմաններով Չինաստանը մաքսատուրքերից եւ գանձումներից ազատում է ավստրալական ապրանքների 97 տոկոսը:
Կանբերան իր հերթին չեղյալ է հայտարարում հարկային գանձումները Չինաստանից ներմուծվող ապրանքների 85 տոկոսի համար: Բացի այդ, Ավստրալիան պարտավորվում է տարեկան Չինաստանի 18-ից մինչեւ 30 տարեկան քաղաքացիներին 5 հազար աշխատատեղի կամ գործուղումների քվոտա տրամադրել, ինչպես նաեւ թույլատրել 1,8 հազար չինացի բժիշկների, խոհարարների, չինարեն եւ մարտական արվեստներ ուսուցանողների մուտքը երկիր:
Ինչպես նշել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, 2014 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 136,9 մլրդ դոլար: Անցյալ տարվա վերջին Կանաչ մայրցամաքի տնտեսության մեջ ՉԺՀ-ի միագումար ներդրումները հասել են գրեթե 75 մլրդ դոլարի. այդ ցուցանիշով նա զիջել է միայն Հոնկոնգին:
Ավստրալիայից Չինաստան ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝ մետաղները, ածուխը, ոսկին ու պղինձը: Բացի այդ, չինացիների շրջանում պահանջարկ են վայելում ավստրալացիների այն ծառայությունները, որոնք վերաբերում են կրթության ոլորտում գործուղումների կազմակերպմանը: ՉԺՀ-ն Ավստրալիա է արտահանում հիմնականում հեռահաղորդակցական սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ ու կահույք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: