Հայտարարվել է անկախ Քուրդիստանի հռչակման ժամկետը
Международные новостиԻրաքյան Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է անկախ Քուրդիստան հռչակելու ժամկետը:
Ինչպես հաղորդում են քրդական ԶԼՄ-ները, Բարզանին հայտնել է, որ եթե դարձյալ ընտրվի նույն պաշտոնին, առաջիկա երկու տարիների ընթացքում Քուրդիստանը կհռչակի անկախ պետություն:
Բարզանին դարձյալ քրդական ինքնավարության առաջնորդի թեկնածու է առաջադրվել այս տարվա օգոստոսի 20-ին անցկացվելիք ընտրություններում: Նա 2005 թվականին ժողովրդի, 2009 թվականին խորհրդարանի պատգամավորների կողմից ընտրվել էր Իրաքի քրդական տարածաշրջանի ղեկավար: Չնայած 2013 թվականին նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, տարածաշրջանային խորհրդարանն այդ ժամկետը երկարացրել էր մինչեւ 2015 թվականի օգոստոս:
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը վերջերս Վաշինգտոնում Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր Քուրդիստան պետություն ստեղծվելու ժամկետի մասին: «Երկուսիս կյանքն էլ կհերիքի Քուրդիստան պետությունը տեսնելու համար», -ասել էր ԱՄՆ փոխնախագահը: