Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն հայ գործընկերների հետ հանդիպմանն իր անհանգստությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված լարվածության կապակցությամբ: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում Ռուին նշեց, որ իրենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում սատարում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը: «Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է և մենք սատարում ենք մեր նախագահի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ թեև վերջին շրջանում շատ են սադրանքները և լարվածությունը, սակայն ինքը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորում է ստանալու: «Ես այս ամենի մասին նաև ասել եմ այսօր առավոտյան մեր հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում: Չնայած վերջին սադրանքներին՝ մենք համոզված ենք, որ հակամարտությունը վերջնական արդյունքում խաղաղ լուծում կստանա»,- ասաց Ռուն:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը հաճախ է խոսում Մինսկի խմբի ձևաչափի անարդյունավետության մասին հակամարտության կարգավորման հարցում, Ֆրանսիայի խորհրդարանի իշխող քաղաքական խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ դիվանագիտական գործընթացների մասին դատողություններ անելիս, ականջալուր չի լինելու ադրբեջանական կողմից հնչող կարծիքներին:
Հարցի՞ն, թե արդյոք Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև մրցակցություն կա՝ հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը սեփական նախաձեռնությամբ ցանկանում է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև հակամարտության կարգավորման հարցում մեծ դերակատարում ստանձնել, պատգամավորը նշեց, որ համանախագահող երկրների միջև մրցակցություն չկա, և անհրաժեշտ է, որպեսզի նրանք ավելի շատ նախաձեռնություններով հանդես գան: «Ֆրանսիան էլ այս գործընթացքում մեծ դերակատարում ունի և չի պատրաստվում նախաձեռնողականությունը և իր տեղը զիջել որևէ այլ պետության»,- եզրափակեց դը Ռուն: