Դեմիրթաշը հայտնել է ԱԶԿ-ՀԺԿ կոալիցիային աջակցելու պայմանը
Международные новостиԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նոր հայտարարություն է արել` կապված երկրում նոր կառավարություն կազմելու համար կոալիցիայի տարբերակների հետ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դեմիրթաշը չի բացառել, որ իրենց կուսակցությունը կարող է աջակցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) կողմից կազմվող կոալիցիային:
«Եթե ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն կազմեն մի կոլաիցիա, որտեղ ներառված լինեն նաև մեր սկբունքները, մենք նրանց դրսից կաջակցենք»,- նշել է քրդական կուսակցության առաջնորդը:
Դեմիրթաշը հերքել է այն միտքը, թե իրենց կուսակցությունը հրահանգներ է ստանում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը համարվող Քրդական համայնքների միությունից (KCK): «Բոլորը կարող են հայտնել իրենց տեսակետները, այդ թվում և KCK-ի ներկայացուցիչները: Նրանք թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մասնակիցներից են: Սակայն մենք հրահանգներ չենք ստանում KCK-ից»,- հայտարարել է քրդական կուսակցության առաջնորդը:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: