Դեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը դրվել Է եվրոգոտու գագաթնաժողովի քննարկմանը
Международные новостиԴեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը քննարկվելու է եվրոյի գոտու պետությունների ղեկավարների մակարդակով: Եվրոգոտու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նվիրված կլինի Աթենքի համար վարկերի թեմային, հունիսի 22-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Եվրոխմբի նախագահ Երուն Դեյսելբլումը՝ ամփոփելով խմբի՝ Հունաստանին նվիրված հունիսի 18-ի նիստի արդյունքները:
«Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից հրավիրված գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրելու եւ շարունակելու է Եվրոխմբի կողմից կատարված աշխատանքը»,- ասել է նա: «Գագաթնաժողովի գլխավոր նպատակը կդառնա պետությունների ղեկավարների ներգրավումը Հունաստանի շուրջ ստեղծված իրադրության քննարկմանը»,- ընդգծել է նա:
Դեյսելբլումը հրաժարվել է մեկնաբանել գագաթնաժողովում Հունաստանի դեֆոլտի եւ եվրոյի գոտուց այդ երկրի դուրս գալու տարբերակի նախապատրաստման հնարավորությունը: «Մենք տրամադրված ենք խուսափելու վատթարագույն սցենարից»,- ասել է նա:
Տուսկի կողմից հրավիրված եվրոգոտու գագաթնաժողովը կկայանա Եվրամիության՝ հունիսի 25-26-ին Բրյուսելում պլանավորված գագաթնաժողովից ընդամենը երկու օր առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: