Չառլսթոնի սպանդը պետք է փոխի ԱՄՆ-ի վերաբերմունքը հրազենի նկատմամբ. Օբամա
Международные новостиԱՄՆ-ում կատարված հերթական զանգվածային սպանությունը պետք է վերջապես ամերիկացիներին ստիպի վերանայել իրենց վերաբերմունքը երկրում հրազենի ազատ շրջանառության նկատմամբ: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով Չառլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) կատարված սպանության կապակցությամբ:
Նախնական տվյալներով՝ տեղի 21-ամյա սպիտակամորթ բնակիչ Դիլան Ռուֆը ինը մարդու է գնդակահարել մեթոդիստական եկեղեցում, որն այցելում են հիմնականում աֆրոամերիկացիները: «Նման ողբերգությունները չափազանց հաճախ են կրկնվում մեզ մոտ»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ «քաղաքակիրթ մյուս երկրներում նման բան տեղի չի ունենում»: Նրա կարծիքով՝ դրա պատճառներից մեկը հսկայական քանակությամբ զենքի առկայությունն է երկրի քաղաքացիների մոտ, եւ «ամերիկացիները դա պետք է գիտակցեն»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ամերիկացիներն ամենազինված ազգն են աշխարհում: Ըստ տարբեր գնահատումների՝ բնակչության ձեռքում կա շուրջ 280 մլն միավոր հրազեն: Զենք ունի 65 մլն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդը: