Սաուդյան Արաբիան ռմբակոծում է Եմենի նահանգները
Международные новостиՍաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքի օդանավերը հունիսի 19-ին ռմբակոծել են մայրաքաղաք Սանան, Հաջ նահանգում գտնվող ռազմական ճամբարը, նաև Ադեն քաղաքը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, «Անսար Ալլահ» շարժման ինն անդամ է զոհվել Աբյան նահանգի Մաքիրաս գյուղաքաղաքում մահապարտ-ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով:
Շիա ապստամբները` հոուսիները, հունիսի 19-ի վաղ առավոտյան Եմենի նախկին նախագահի կողմնակից ուժերի հետ ռմբակոծել են Թաիզ քաղաքի թաղամասերը այդ թվում` Մուշքա, Ռուդա, ալ Արաբին փողոցը և այլն: Նախօրին թեժ բախումներ են սկսվել նաև Թաիզ քաղաքի Դուբաբ շրջանում շիաների և Եմենի նախագահ Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերի միջև:
Թաիզ քաղաքը համարվում է բախումների ամենաթեժ վայրերից մեկը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: