ԻՊ-ն իրաքյան ուժերին պատկանող կործանիչ է խոցել Իրաքում
Международные новости«Իսլամական պետությունը» հունիսի 18-ին հայտարարել է, որ իրաքյան ուժերին պատկանող կործանիչ է խոցել, երբ այն թռիչք էր իրականացնում Անբարի նահանգի Ռամադի քաղաքի հյուսիսային շրջանների վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ այն ռուսական արտադրության կործանիչ է:
Իրաքյան ուժերը շարունակում են պայքարել ԻՊ-ի դեմ Ռամադի և Բայջի քաղաքներում: Թեպետ ռազմական գործողություններին մասնակցում են նաև օդային ուժերը, այնուամենայնիվ, ահաբեկիչները մինչև այժմ շարունակում են տարածվել:
Իրաքյան ուժերի վերահսկողություն տակ է Բայջիի 70 տոկոսը: Սակայն ռազմական գործողությունները շարունակվում են, որպեսզի ազատագրվեն նաև ծայրամասերը: Ինչ վերաբերում է Ռամադի քաղաքին, ապա այնտեղ մի քանի կողմից շարունակվում են ռազմական գործողությունները:
ԻՊ-ն Ռամադի քաղաքի վրա վերահսկողություն է հաստատել նախորդ ամսվանից:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: