Եվրահանձնաժողովը 35 մլրդ եվրո ներդրումների աջակցման ծրագիր է առաջարկում Հունաստանին
Международные новостиԵվրահանձնաժողովը մինչեւ 2020 թվականը 35 մլրդ եվրո ներդրումների աջակցման ծրագիր է առաջարկում Հունաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ամփոփելով եվրոգոտու արտահերթ գագաթնաժողովի արդյունքները:
«Մինչեւ 2020 թվականը 35 մլրդ եվրոյի ներդրումների աջակցման ծրագիրը մնում է Հունաստանին մեր առաջարկությունների բաղկացուցիչ մասը»,- ասել է նա:
Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հունաստանը եւ միջազգային վարկատուները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպայի կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, առաջընթացի են հասել Հունաստանի պարտքերի շուրջ բանակցություններում: «Մենք մոտենում ենք համաձայնության, բայց դեռ աշխատանք կա»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է ներկայիս բանակցությունների ընթացքին: «Անհրաժեշտ է պայմաններ գտնել համապարփակ եւ երկարաժամկետ համաձայնագիր կնքելու համար»,- ասել է նա: Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ կողմերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն ճգնաժամը մինչեւ շաբաթվա վերջը կարգավորելու համար, իսկ եվրոգոտուց Հունաստանի բացառման մասին խոսք լինել չի կարող:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Հունաստանի վերջին առաջարկությունները «որոշակի քայլ առաջ են»: «Բանակցությունների բոլոր մասնակիցները, այդ թվում եւ եւ, ցանկանում ենք, որ Հունաստանը մնա եվրոյի գոտում: Այն, ինչ նա ներկայացրել է՝ որոշակի քայլ առաջ է»,- ընդգծել է Մերկելը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Հունաստանի վերաբերյալ համաձայնագիրը հաստատելու համար Եվրոխմբի նոր նիստը կարող է տեղի ունենալ հունիսի 24-ի երեկոյան: «Ինստիտուտները (ԵՀ-ն, ԵԿԲ-ն եւ ԱՄՀ-ն) անհապաղ ձեռնամուխ կլինեն այդ առաջարկությունների վերլուծմանը: Եվրոխումբը դրանք կարող է հաստատել հունիսի 24-ի երեկոյան, որպեսզի աշխատանքն ավարտվի մինչեւ հունիսի 25-ի առավոտ, երբ Բրյուսելում կկայանա ԵՄ-ի հերթական գագաթնաժողովը»,- նշել է նա:
«Բարեփոխումների վերաբերյալ Հունաստանի առաջարկները թույլ տվեցին քայլ անել վարկատուների հետ հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այդ առաջարկներն ստացել են ինստիտուտների դրական նախնական գնահատականը»,- հավելել է Տուսկը:
Ընդսմին ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը նշել է, որ Հունաստանի առաջարկությունների շուրջ դեռեւս զգալի աշխատանք կա անելու: Իր հերթին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անել ավելին, քան խնդրում էին վարկատուները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: