Թուրքիայում որոշել են վերանորոգել Սասունի Սուրբ Պետրոս վանական համալիրը
Международные новостиԹուրքիայում պետական գրանցում է ստացել Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա Սուրբ Պետրոս հայկական վանական համալիրը: Գրանցումն իրականացրել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Դիարբեքիրի մշակույթի եւ բնական ժառանգության պահպանման տարածքային կենտրոնը:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը` նշելով, որ որոշում է կայացվել վերանորոգել եկեղեցին եւ հարակից հայկական գերեզմանները:
Սուրբ Պետորս վանական համալիրը, որը բաղկացած է 350 սենյակից, տարիներ շարունակ քանդվել էր գանձ որոնողների կողմից, իսկ վերջին շրջանում տեղաբնակներն այն օգտագործում էին որպես ախոռ:
Վանական համալիրը պետության կողմից պահպանության առնելու եւ վերանորոգելու համար տարիներ շարունակ պայքարել է Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի եւ Ստամբուլի հայերի սոցիալական օգնության եւ համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն:
«Մենք շարունակելու ենք պայքարը հայերին պատկանող եկեղեցու, վանական համալիրի եւ բոլոր հարակից կառույցների համար», -ասել է նա:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Ադանայի տարածքային կենտրոնը որոշել է վերանորոգել եւ զբոսաշրջության համար ավելի տանելի պայմաններ ստեղծել Կիլիկյան Հայաստանի տարածքում գտնվող ամրոցներն ու եկեղեցիները եւս: Մասնավորապես, արդեն աշխատանքներ են ընթանում Կիլիկիայում գտնվող հայկական Սեւ եկեղեցու եւ Ֆեքե ամրոցի վերակառուցման շուրջ:
«1000-ականներին կառուցված ամրոցը գտնվել է Փոքր Հայաստանի կամ Կիլիկյան Հայաստանի տարածքում: Ամրոցի հարեւանությամբ վերականգնվում են նաեւ Սեւ եկեղեցին եւ մի քանի այլ ամրոցներ, որոնք ընդհանուր շղթա են կազմում Ֆեքե ամրոցի հետ: Ֆեքե ամրոցը չափազանց տպավորիչ է իր պատմությամբ եւ գեղեցկությամբ: Այն կառուցված է յուրօրինակ ճարտարապետական հնարքներով` շատ հետաքրքիր մշակված գեղեցիկ քարերից», -ասել է ամրոցի վերականգնողական աշխատանքներով զբաղվող հնագետ Ադեմ Յըլըդըզը: