Հունգարիան հրաժարվել է կատարել Եվրամիության միգրացիոն կանոնները
Международные новостиՀունգարիան իր տարածքում ժամանակավորապես դադարեցրել է Եվրամիության միգրացիոն քաղաքականության հանգուցային կանոնի գործողությունը, որի համաձայն՝ նա պարտավոր է ընդունել ԵՄ-ի այլ երկրներից արտաքսված միգրանտներին, եթե նրանք սկզբնապես Եվրամիություն են ժամանել իր տարածքով, տեղեկացնում Է BBC-ը:
Հունգարիայի կառավարության ներկայացուցիչն այդ որոշումը բացատրել է երկրում անօրինական միգրանտների ճնշիչ ազդեցությամբ:
Որոշումն ընդունվել է այն բանից մի քանի օր անց, երբ Հունգարիայի իշխանությունները հայտարարեցին սահմանի երկայնքով հսկայական արգելապատնեշի կառուցման մասին, որը կոչված է երկիրը պաշտպանել անօրինական միգրանտներից:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Հունգարիա է ժամանել ավելի քան 60 հազար անօրինական միգրանտ:
«Հունգարիան օգտագործել է իր բոլոր ռեզերվները,- հայտարարել է կառավարության ներկայացուցիչը:- Իրադրությունը շտապ միջոցների ընդունում է պահանջում: Այս վատթարացող իրավիճակում Հունգարիային անհրաժեշտ է գործել՝ չսպասելով ԵՄ-ի որոշումներին»:
Մինչդեռ Եվրամիության ղեկավարությունը կոչ է արել Հունգարիայի իշխանություններին՝ անհապաղ բացատրություններ տալ իր այդ դիրքորոշման վերաբերյալ: