Ուկրաինայում լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման վտանգ կա. Ստոլտենբերգ
Международные новостиՈւկրաինայում շարունակվող հակամարտությունը վերստին կարող Է հանգեցնել լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում բացելով ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով:
«Հրադադարի վերաբերյալ համաձայնագրի խախտումները շարունակվում են, եւ լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման վտանգ կա»,-ընդգծել Է նա:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կքննարկեն երկրի արեւելքում հակամարտության գոտու իրադրությունը: ՏԱՍՍ-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չեն պլանավորում քննարկել Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հարցը:
Ստոլտենբերգը հավելել Է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերել ռազմական վերափոխումների եւ պաշտպանական հնարավորությունների ընդլայնման հարցում, ներառյալ պաշտպանությունը կիբեռգրոհներից, սակայն Կիեւը պետք Է «իր դերը կատարի բարեփոխումների գործում»:
«ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում Է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դաշինքը կշարունակի Կիեւին օժանդակություն ցուցաբերել անվտանգության բնագավառի բարեփոխումների հարցերում, ներառյալ կիբեռգրոհներից պաշտպանությունը,-ընդգծել Է նա:-Միեւնույն ժամանակ Կիեւը պետք Է ամբողջությամբ կատարի իր դերը բարեփոխումների գործում»: Բացի այդ, Ստոլտենբերգը նշել Է Կիեւի հաջողությունները «օդային անվտանգության բարձրացման բնագավառում»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԵԱՀԿ-ն իրադրության շարունակական վատթարացում է արձանագրում Ուկրաինայի արեւելքում, որտեղ չեն դադարում մարտերը: «Մենք ավելի ու ավելի մեծ թվով վիրավորներ ու զոհվածներ ենք գրանցում խաղաղ բնակչության շրջանում»,- հայտնել է Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության փոխղեկավար Ալեքսանդեր Հուգը:
Նրա խոսքով՝ զոհերի թիվը մեծանում է նաեւ զինված բախումների մասնակիցների շրջանում: Նա հավելել է, որ ուկրաինացի զինծառայողների եւ աշխարհազորայինների միջեւ ընդհարումների ինտենսիվությունը այս տարվա ապրիլի վերջից ի վեր ամեն օր շարունակում է աճել: Ընդսմին Հուգն ընդգծել է, որ հակամարտության կողմերն սկսել են ավելի հաճախ օգտագործել ծանր սպառազինություն:
Դոնբասում «անդորրի ռեժիմը» պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 15-ին: Կրակը դադարեցնելու պահանջն ամրագրված է Մինսկի համաձայնությունների իրագործման համալիր միջոցառումներում, որոնք Շփման խմբի մասնակիցները փետրվարի 12-ին ստորագրել են Մինսկում: