ԵՄ-ի ղեկավարները հույս ունեն Հունաստանի հետ համաձայնության հասնել հունիսի 27-ին. Տուսկ
Международные новостиՀունաստանի հետ համաձայնություն տակավին ձեռք չի բերվել: Այդ մասին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Համաձայնություն մինչ այժմ ձեռք չի բերվել»,- ասել է նա: Ընդսմին Եվրախորհրդի ղեկավարն ընդգծել է, որ հանրակցության պետությունների ու կառավարությունների ղեկավարները եւս մեկ գագաթնաժողով չեն անցկացնի համաձայնության հասնելու համար: «Ղեկավարներն ակնկալում են, որ Եվրախումբը այդ գործընթացը կավարտի շաբաթ օրը»,- հավելել է նա:
Տուսկը նշել է, որ «Հունաստանի շուրջ բանավեճերը տեւական էին, եւ բոլոր ղեկավարներն իրազեկված են հանգամանքների մասին»:
Ավելի վաղ եվրոպական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրամիության երկրներից մի քանիսն արդեն կասկածում են մինչեւ հունիսի 30-ը Հունաստանի եւ միջազգային վարկատուների միջեւ Աթենքի պետական պարտքի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությանը: «Ղեկավարներից ոմանք արդեն հնարավոր են համարում, որ շաբաթ օրն էլ չի հաջողվի համաձայնության գալ Հունաստանի հետ եւ առաջարկում են լրջորեն խորհել «պլան Բ»-ի շուրջ»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ «կասկածողների» թվում են Նիդեռլանդների եւ Ավստրիայի ղեկավարները: «Նրանք կոչ են անում հանրակցությանը՝ մտածել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հետեւանքների մասին»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը: