Քեմալական կուսակցության ներկայացուցիչը պատիժ է պահանջում «հայերի որս» սկսելու հայտարարություն արած ազգայնականի համար
Международные новостиԿարսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզֆեր Քոչաքն արձագանքել է տեղի ազգայնականների ռասիստական և ծայրահեղական հայտարարությանը՝ կապված հայերի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Քոչաքը հայտնել է, որ հայ երաժիշտ Տիգրան Համասյանի՝ Անիում ունեցած համերգից հետո թուրք ծայրահեղականների «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի հայտարարությունը քրեորեն պատժելի է: Քեմալական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ թուրք ազգայնականը խախտել է Թուրքիայի քրեական օրենսքգրքի 216-րդ հոդվածը: Հոդվածը պատիժ է սահմանում ժողովրդի մի հատվածին սոցիալական, դասակարգային, կրոնական, ռասայական կամ սեռական տարբերության հիման վրա հրապարակայնորեն նվաստացնելու համար և ենթադրում է պա տիժ 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման ձևով:
Քոչաքը թուրք դատախազներին կոչ է արել լուռ չմնալ և իրավական դաշտ տանել հարցը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ իրավապահներն իրենց անգործությամբ աջակցում են ատելություն սերմանող հայտարարություն անողներին: