ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված
Международные новостиՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 29-ին այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների վիճակին: ՇրջայցÕ « ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստվածությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին մանրամասն ներկայացվել են հակառակորդի ձեռնարկած ոտնձգության և դրան ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած գործողությունների մանրամասները, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ ընթացող միջոցառումները: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ և խորքային իրականացնելու ուղղությամբ: