Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին. IBT
Международные новостиՀամաշխարհային մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին` սեփական հեղինակության մեծացման նպատակով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման վրա 10 մլրդ դոլար ծախսելու համար, այն դեպքում, երբ այն կարող էր օգտագործվել երկրի բնակչության ցածր կենսամակարդակը բարձրացնելու վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային անդրադարձում International Business Times թերթն արձանագրում է, որ «Իլհամ Ալիևի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին»:
«Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը մեղադրվում է երկրում մարդու իրավունքների խախտման, այդ թվում` իրեն քննադատողների ձերբակալության մեջ: Սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակովԵվրոպական խաղերի անցկացման վրա նա մոտ 10 մլրդ դոլար է ծախսել:Խաղերի բացման և փակման արարողությունները շքեղ, սակայն, անհոգի էին, քանի որ, չնայած մարտադաշտի վրա թռչող օլիմպիական խորհրդանիշներին, յուրաքանչյուր ոք գիտեր, որ այդ ամբողջ պատկերը միայն այդ գործով զբաղվողների շահերը սպասարկողներին պատկանող կեղծ խաղեր են»,- գրում է թերթը:
Թերթը հեգնանքով հիշեցնում է, որ Բաքվում կազմակերպված խաղերի ու Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու համար պետական ԶԼՄ-ները «կեղծ» բրիտանացի զբոսաշրջիկ են անգամ գտել` տեղացի ադրբեջանցուն ներկայացնելով բրիտանացի, ով եթերում Ադրբեջանի և Եվրոպական խաղերի մասին գովաբանական խոսքեր է շռայլել:
«Իր այդ անիմաստ նախագծի դեմ բացասական միջազգային արձագանքից չքաշվող Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Փեթ Հիքին փակման արարողության ժամանակ հայտարարեց, թե «ադրբեջանիապագան փայլուն է»: Դա կարող է ճշմարտություն լինել, եթե նա նկատի ունի Ալիևների ընտանիքին և նրա մերձավոր շրջապատին»,- նշում է թերթը:
Պարբերականն անդրադարձել է Ալիևի հանձնարարությամբ կեղծ մեղադրանքներով իր քննադատների նկատմամբ բռնաճնշումներին ևս: Նշելով, որ Եվրոպական խաղերի օրերին Ադրբեջանում շարունակում են մոտ հարյուրի հասնող քաղբանտարկյալների թվում կալանքի տակ մնալ Ալիևների հարյուր միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիան բացահայտած, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան, «Սպորտը հանուն իրավունքների» արշավի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը, իսկ ընդդիմադիր Էմին Հուսեյնովը շվեյցարացի դիվանագետի օգնությամբ հեռացել է Ադրբեջանից և ապաստան խնդրել Շվեյցարիայում, թերթը գրում է, որ այդ բոլոր իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի իշխանությունները Եվրոպական խաղերի ժամանակ արգելել են երկիր մուտք գործել The Guardian, Platform և Amnesty International-ի լրագրողներին ու ակտիվիստներին, որպեսզի վերջիններս Ադրբեջանի մասին բացասական նյութեր չկարողանան պատրաստել:
Թերթը նշում է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի պատճառով ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստները վտանգի տակ են ինչպես սեփական տանն, այնպես էլ արտասահմանում, քանի որ նրա մարդիկ նույնիսկ սպառնում են արտասահմանում բնակվող լրագրողներին:
«Բաքու 2015-ի ռազմավարությունն իրեն չարդարացրեց: Իսկ դա նյարդայնացնում է ռեժիմին: Աշխարհը երբեք այդքան շատ լուրեր չէր ստացել իշխանական շրջանակների իրական դեմքի ւ կեղծարարությունների մասին: Ալիևը պետք է վերջ դնի լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների և քաղաքական գործիչներիձերբակալություններին, քանի որ հենց ինքն է դրա համար պատասխանատուն: Նրա պահվածքը սև բիծ է թողել Եվրոպական խաղերի վրա: Ոչ մի երկիր չի ցանկանում ստանձնել նոր Եվրոպական խաղերի անցկացումը: Նիդերլանդները որոշեց, որ դա փող ծախսելու համար ոչ արժանի զբաղմունք է: Այնպես որ, բոլոր ադրբեջանցիները տեսան, որ բռնապետ Ալիևը վերածվել է խաղալիքի: Այժմ նա մտադիր է ստանձնել նաև շախմատի, ֆուտբոլի և «Formula 1»-ի մրցումների անցկացումը: Հնարավոր է` Ալիևը կարծում է,թե կարող է նման միջոցառումներով շեղել աշխարհի ուշադրությունն իր բռնություններից: Սակայն, Եվրոպական խաղերի անցած երկու շաբաթները ցույց տվեցին նրա այդ վստահության սուտ լինելը», -ամփոփում է թերթը: