Եվրոպական տարբեր երկրների երիտասարդները Երևանում կմասնակցեն «Be Active Youth» ծրագրին
Международные новостиԵրեք տասնյակ երիտասարդներ եվրոպական տարբեր երկրներից՝ Իտալիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից և Հայաստանից Երևանում կմասնակցեն «Be Active Youth» միջազգային ուսուցողական ծրագրին: Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում իրականացվող ծրագիրը տեղի կունենա հուլիսի 8-14-ը՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) և իտալական «Fondazione Instituto Morcelliano» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱԴ-ից, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հարստացնել իրենց գիտելիքները հասարակական ոլորտում, մշակել երիտասարդական աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ: «Be Active Youth» ուսուցողական ծրագրի շրջանակում մասնակիցները կկարողանան զարգացնել ոլորտի վերաբերյալ իրենց ունեցած հմտությունները և, որ ամենակարևորն է, ձեռք բերել նոր ընկերներ և ակտիվորեն ներգրավվել միջազգային երիտասարդական կյանքում:
«Այս համատեղ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ ուսուցանելու և ուղղորդելու երիտասարդական աշխատողներին, որպեսզի նրանք իրենց գործունեությամբ ակտիվացնեն և քաղաքացիական-հասարակական կյանք ներգրավեն հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Դրա համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու երիտասարդական կառույցների միջև փորձի փոխանակման, պատասխանատուների գիտելիքների համալրման և գործնական հմտությունների կատարելագործման համար»,- կարևորելով ծրագիրը՝ նշել է ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Ծրագրի շրջանակում մասնակիցները կայցելեն Երիտասարդական ակումբների դաշնության մարզային կենտրոններ և ակումբներ, կլինեն նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնում: Հուլիսի 12-ին եվրոպական տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդները կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության արդեն ավանդական դարձած «Վարդավառ» միջազգային փառատոնին, որտեղ կծանոթանան ազգային տոնի ծիսական խորհրդին և կհաղորդակցվեն հայկական մշակույթի հետ: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են «Liberty Forum»-ը՝ Ուկրաինայից, Էստոնիայի UNESCO-ի երիտասարդական ասոցիացիան, «Asociatia Tinerii 3D»-ը՝ Ռումինիայից և «Regional association of Youth Initiative»-ը՝ Վրաստանից: