Վահե Էնֆիաջյանը հերքում է ԲՀԿ-ն լքելու մասին խոսակցությունները
Международные новостиԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հերքում է լուրերն այն մասին, թե պատրաստվում է առաջիկայում լքել ԲՀԿ-ն և անդամագրվել «Ալյանս» ցենտրիստական կուսակցությանը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե պատրաստվում է լքել ԲՀԿ-ն, պատգամավորը նշեց, որ դրանք զավեշտի ժանրից են: «Մամուլում հայտնված այդ տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ԲՀԿ-ի ծրագրային դրույթներն ու կանոնադրությունն ինձ հոգեհարազատ են և համապատասխանում են երկրի զարգացման վերաբերյալ իմ պատկերացումներին»,- նշեց Էնֆիաջյանը:
Նա շեշտեց, որ ԲՀԿ-ի ձևավորման առաջին իսկ օրերից կանգնած է եղել կուսակցության ակունքներում՝ հավելելով, որ իր քաղաքական ուղին, քաղաքականության մեջ արձանագրված ձեռքբերումները և հաղթահարված դժվարություներն անմիջականորեն կապված են ԲՀԿ-ի հետ:
Պատգամավորն ընդգծեց, որ ինքը թիմային մտածելակերպով առաջնորդվող, իր սկզբունքներին և հայացքներին հավատարիմ մարդ է և կուսակցությունը լքելու ցանկություն չունի: «Իսկ բոլոր այն անձինք և կառույցները, որոնք փորձում են ինքնակայանալ ԲՀԿ-ի բարի համբավի և անվան հաշվին, հորդորում եմ այսուհետ ձեռնպահ մնալ նման կեղտոտ գործելաոճից»,- ասաց Վահե էնֆիաջյանը:
Մամուլում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը առաջիկայում ցանկանում են լքել ԲՀԿ-ն և անդամագրվել «Ալյանս» ցենտրիստական կուսակցությանը, որի հիմնադիրը նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն է: Նշվում է նաև, որ «Ալյանս»-ին անդամագրվելու ցանկություն ունի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով փետրվարյան հայտնի իրադարձությոնւներից հետո լքեց ԲՀԿ-ն: