Իրաքյան Քարամա գյուղաքաղաքում ԻՊ-ի 20-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել
Международные новостиԲաղդադի ռազմական ուժերի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Իրաքի անվտանգության ուժերն «Իսլամական պետության» 23 ահաբեկիչների են ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց ականապատ փոխադրամիջոցները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունները տեղի են ունեցել Ֆալլուջա քաղաքի արևելքում գտնվող Քարամա գյուղաքաղաքում:
Բախումներն ահաբեկիչների հետ նաև ընթացել են Նաիմիա, Հիթաուին, Զիբան, Սաադան, Անազ շրջաններում:
Ազգային պաշտպանական ջոկատները հայտարարել են, որ ԻՊ-ի 35 անդամներ վայր են դրել զենքերը և հանձնվել: Դեպքը տեղի է ունեցել Քարամա գյուղաքաղաքում: Ահաբեկիչները կազմակերպության կազմում ընդգրկվել էին 2014թ.-ին:
Մյուս կողմից՝ Սալահ ադ Դին նահանգի Բայջիի շրջանում իրաքյան ուժերի 3 անդամներ են զոհվել, ևս 35-ը վիրավորվել է մահապարտ-ահաբեկիչների իրականացրած երեք պայթյունից:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: