Ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները
ПолитикаՆախորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ հայաստանյան հանրությունը զբաղված էր Բաղրամյան փողոցի վրա ընթացող ցույցերով, զուգահեռ աշխարհում տեղի էին ունենում այլ կարևոր իրադարձություններ, որոնք ոչ պակաս հետևանքներ կունենան մեր երկրի համար: Եթե երիտասարդների կազմակերպած ցույցերը կարևորվում են նախևառաջ մեզ վերարժեվորման ենթատեքստում, ապա այդ իրադարձությունները ավելի բարձր մակարդակի վրա են բարձրացրել Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում և միաժամանակ Բաղրամյանի ցույցերի ունեցած հետևանքներով հանդերձ կարելի է ասել, նոր որակական միջավայր է ձևավորվել մեր շուրջը՝ ավելի բարդ աշխարհաքաղաքակական խնդիրներով հանդերձ:
Դա նախևառաջ Իրանի և վեցյակի կողմից ատոմային ծրագրի շուրջը համաձայնության գալն է, որի իրականացման դեպքում Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը միանգամից մեծանում է ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաև Եվրասիական Տնտեսական Միության համար: Այս ենթատեքստում կարևորվում է նաև ռուսական «Թուրքական հոսքի» տապալումը, նույն Թուրքիայի կողմից, որի արդյունքում ընդհատվում է ռուս-թուրքական մեղրամիսը:
Թուրք-չինական հարաբերությունների սրումը, որն ավելի քան խորքային պատճառներ ունի, քան ույգուրների իրավունքների ոտնահարումն է, նույնպես ուշադրության արժանի իրադարձությունն է: Կարելի ասել, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող Թուրքիայի մեկուսացումը, որը նաև Էրդոգանի «ջանքերի» արդյունք է, շարունակվում է և այստեղ բնականաբար մեծանում է, ոչ միայն Իրանի, այլ նաև Հայաստանի դերը:
Մեկուսացման մեջ է հայտնվել նաև Ադրբեջանը, որին դեռևս փորձում է աջակցել Ռուսաստանը: Չմոռանանք նաև, որ Հայաստանը դիտարկվում է չինական նախագիծ համարվող «Նոր Մետաքսի ճանապարհի» տրանզիտի ուղիներից մեկը և Հայաստանի նշանակությունը կարևորվում է նաև Չինաստանի համար:
Իհարկե, միամտություն կլիներ ասել, թե վերջին ռուսական «ռեվերանսները» Հայաստանի նկատմամբ, դա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր մակարդակի հավասար փոխհարաբերութունների ստեղծման արդյունք է: Իհարկե դա այդպես չէ, սակայն կարելի ասել, որ որոշակի դրական փոփոխություններ առկա են և դրան նպաստել են նաև Բաղրամյանի ցույցերը և վերը նշված իրադարձությունները: Դրան նպաստում է նաև տարածաշրջանում իսլամական ռադիկալ խմբավորումների կողմից վտանգի ավելի ռեալ դառնալը և քրդական անկախական գործընթացները, որը ստիպում է Ռուսաստանին վերաշարադրել իր դիրքորոշումը թե´ Հայաստանի, թե´ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ:
Երեկ Ռուսաստան էին այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը և Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական չոր տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանի և Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը, սակայն ակնհայտ է, որ երկու երկրների վարչապետների հանդիպման ամենակարևոր հարցերից մեկը եղել հայկական էլեկտրացանցների ճակատագիրը: Հավանաբար, արդեն որոշակի պայմանավորվածություն կա ՀԷՑ-ի մասին և խոսքը դետալների ճշգրտման մասին է եղել:
Սակայն, ենթադրվում է, որ վարչապետների հանդիպման ընթացքում այլ կարևոր հարց նույնպես քննարկման առարկա է եղել: BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:
Նա կոչ է արել այդ երկրների ընկերություններին մասնակցություն ունենալ այդ նախագծի իրականացմանը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը թերահավատությամբ է վերաբերվում այս նախագծին, սակայն այսօր իրավիճակ է փոխվել և Սերժ Սարգսյանի կողմից այս հարցի բարձրացումը պատահական և հենց այնպես չէր կարող լինել: Չի բացառվում, նաև կրկին աբխազական երկաթուղու վերաբերյալ հարցի բարձրացումը:
Հովիկ Աբրահամյանը հավանաբար Ռուսաստանի Վարչապետի հետ քննարկել է նաև Իրան-Հայաստան երկաթուղու իրականացման հետ կապված հարցեր: Հայաստանի համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ իր էներգետիկ և տրանզիտային հնարավորությունները զարգացնելու համար և այստեղ պետք է ճիշտ աշխատել բոլոր կողմերի հետ, հատկապես ռուսների հետ: