Լյուբլինի քաղաքապետը հայկական քաղաքներից մեկի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել
Международные новостиԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հուլիսի 9-10-ն այցելել է Լեհաստանի Լյուբլին քաղաք: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի ընթացքում դեսպան Ղազարյանը մասնակցել է «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված մի շարք մշակութային միջոցառումների, ինչպես նաև հանդիպումներ ունեցել Լյուբլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 9-ին դեսպանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմին նվիրված արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը:
Հուլիսի 10-ին դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկի հետ: Հանդիպման ընթացքում Լյուբլինի քաղաքապետն իր ցանկությունն ու պատրաստակամությունն է հայտնել համագործակցել Հայաստանի քաղաքներից մեկի հետ՝ այդ համագործակցությունը որպես առիթ օգտագործելով տնտեսական և մշակութային բազմաշերտ կապերի խորացման նպատակով: Առանձնակի կարևորություն է տրվել կրթության որոտում համագործակցության զարգացմանը: Դեսպան Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ինչպես «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում հայ արվեստագետների հյուրընկալության, հայկական մշակույթը Լյուբլինի հասարակությանը ներկայացնելու հնարավորության, այնպես էլ 2015թ. մարտին Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգի կազմակերպման համար:
Նույն օրը Լյուբլինի դոմինիկյան տաճարի քննարկումների դահլիճում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը վերաբերող քննարկում «Հայաստանը 100 տարի անց» թեմայով: Քննարկմանը ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, հայագետ Անդժեյ Պիսովիչը, պրոֆեսոր Հուբերտ Լաշկևիչը և Հայաստանից հրավիրված արվեստագետ Ռուբեն Մալայանը: Քննարկումը նախագահում էր Դոմինիկյան եկեղեցու քահանա Թոմաս Դոստատնին: