Ադրբեջանցի զինվորն արեւահարումից մահացել է
Международные новостиԱդրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերից մեկի 25-ամյա շարքային զինվոր Իման Իմանովը հուլիսի 15-ին արեւահարումից մահացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ զինվորը զինծառայության էր կանչվել 2014 թվականի հոկտեմբերին:
Իման Իմանովը Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ էր:
Ադրբեջանի ՊՆ-ն ամառվա տապի հետ կապված հունիսին որոշում էր ընդունել բանակում հատուկ ռեժիմ մտցնելու վերաբերյալ, ինչի առնչությամբ բազմիցս հանդես էր եկել հայտարությամբ, որ զինանձնակազմին արգելվում է ժամը 12-ից մինչեւ 17-ը գտնվել զորանոցից դուրս:
Ադրբեջանի ՊՆ-ն զինվորի մահվան հետ կապված դեռեւս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 84 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր: