Ադրբեջանում սրվում է ներիշխանական խմբավորմների միջեւ լարվածությունը
Международные новостиԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում ներիշխանական գլխավոր խմբավորումների միջեւ պայքարը սկսել է սրվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հասած տեղեկություններով` Եվրոպական խաղերից հետո կամավորականների անցկացրած շքերթը եղել է «անշուք եւ անհաջող», քանի որ միջոցառմանը լուրջ աջակցություն չեն ցուցաբերել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) եւ նախագահի աշխատակազմը:
Ըստ պնդումների` հարցի հիմքում դարձյալ իշխանության մեջ երկու գլխավոր խմբավորումների` Փաշաեւների (Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կողմ) եւ նախիջեւանյան կլանի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի) միջեւ վերսկսված լարվածությունն է:
Թերթը նշում է, որ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումը հանձնարարվել էր հենց Փաշաեւների կլանին, որն էլ կատարել էր խաղերը պրոպագանդելու աշխատանքները: Խաղերի ավարտից հետո կամավորների շքերթի անցկացումը պետք է լիներ այդ պրոպագանդայի գագաթնակետը: Սպասվում էր, որ շքերթին պետք է մասնակցեր նաեւ Իլհամ Ալիեւը: Սակայն միջոցառման անհաջողության մատնվելու պատճառով Ալիեւի մասնակցությունը դրան նպատակահարմար չի համարվել:
«Ամենայն հավանականությամբ, միջոցառմանը ԵԱԿ-ի եւ նախագահի աշխատակազմի անտարբեր վերաբերմունքի պատճառը այն է, որ դրա նախօերին ԵԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություներում առաջարկել էր կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրել Իլհամ Ալիեւի դստերը` Լեյլա Ալիեւային, ինչը վերջինիս կողմից մերժվել էր: Այդ առաջարկը գնահատվում էր որպես Նախիջեւանյան խմբավորման կողմից Փաշաեւներին արված ժեստ, սակայն, հակառակ կողմն այդ ժեստը չգնահատեց», -հայտնում է թերթը:
Եվրոպական խաղերի ավարտին նվիրված կամավորականների շքերթի ժամանակ Ադրբեջանի տասնյակ դրոշներ հայտնվել են գետնին նետված եւ կոխկրտված վիճակում: Ոտքերով տրորված դրոշների լուսանկարներն ակտիվ քննարկումների պատճառ էին դարձել սոցցանցերում: Լուսանկարներում լավ երեւում էր, թե ինչպես Եվրոպական խաղերի որոշ կամավորականներ, դեն նետելով Ադրբեջանի դրոշները, կոխկրտել են եւ պարել դրանց վրա: