Ադրբեջանի նավթի հիմնադրամը 2018 թվականին ամբողջությամբ կզրոյանա. փորձագետ
Международные новостиԱդրբեջանցի տնտեսագետ, փորձագետ Նաթիգ Ջաֆարլին հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2018 թվականի շեմին ամբողջությամբ կզրոյանա:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, Ջաֆարլին կանխատեսել է, որ նավթի համաշխարհային գների ներկայիս միջինը մեկ բարելի դիմաց 57,30 դոլար պահպանվելու դեպքում անգամ 2017 թվականի վերջին Հիմնադրամի մնացորդը կկազմի 12 մլրդ դոլար, եկամուտը` 6 մլրդ դոլար, այսինքն, հիմնադրամում կմնա 20 մլրդ դոլար, իսկ 2018 թվականին սպասվող ծախսերը կկազմեն 20 մլրդ դոլար: Եթե դրան գումարվի Ադրբեջանի արտաքին` 20 մլրդ դոլար պարտքը եւս, ապա Ադրբեջանը կկանգնի սնանկացման առաջ:
«2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` Հիմնադրամի ծավալը կազմում է 34,9 մլրդ դոլար: Այս տարի Նավթի հիմնադրամի ընդհանուր ծախսերը կկազմեն 11,230 մլրդ դոլար: Եկամուտները, ինչպես ծրագրված էին, կկազմի ոչ թե 9,7 մլրդ դոլար, այլ առավելագույնը` 7 մլրդ դոլար: Դա պայմանավորված է այն բանով, որ եկամուտները հաշվարկված են նավթի մեկ բարելի դիմաց 90 դոլար մակարդակի համար, իսկ ներկայում` վերջին 6 ամիսների կտրվածքով այն կազմում է 57,30 դոլար: Նշանակում է` այս տարվա վերջին Նավթի հիմնադարամում, լավագույն դեպքում, կմնա 30-31 մլրդ դոլար:
Առաջիկա երկու տարիներին որպես անխուսափելի ծախսեր բյուջեի համար անհրաժեշտ կլինի 20 մլրդ դոլար, ստանձնած պարտավորությունների համաձայն՝ գազային նախագծերի համար` 8 մլրդ դոլար, Հիմնադրամի արտաբյուջետային ծախսերի համար` 2,5 մլրդ դոլար: Ընդհանուրը` 31 մլրդ դոլար: Այսօրվա դրությամբ մնացորդի եւ իրական սցենարի հետ նավթի գների հաշվառմամբ` Հիմնադրամի ծավալը կկազմի առավելագույնը 42,5 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ 2017 թվականի դեկտեմբերին Նավթի հիմնադրամում կմնա ընդամենը 12 մլրդ դոլար:
2018 թվականի պարտավորությունները բյուջեի համար կկազմեն 11-12 մլրդ դոլար, գազի նախագծերի համար` 5-6 մլրդ դոլար, արտաբյուջետային ծախսեր` 1,5-2 մլրդ դոլար: Ընդհանուր` 20 մլրդ դոլար՝ այն դեպքում, երբ 2017 թվականի վերջին Հիմնադրամում մնացորդը կազմելու է 18 մլրդ դոլար, իսկ 2018 թվականին սպասվող ծախսերը կկազմեն 20 մլրդ դոլար, արտաքին պարտքը` եւս 20 մլրդ դոլար, այսինքն` միասին 40 մլրդ դոլար, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կկանգնի սնանկացման առաջ», -կանխատեսել է նա: