Թեհրանի քաղխորհրդում կարևորվել է կրոնական փոքրամասնության ներկայացուցչի անհրաժեշտությունը
Международные новостиԻրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում տեղի է ունեցել հանդիպում Թեհրանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ Թեհրանի քաղաքապետի քաղաքական եւ կարգապահական հարցերով առաջին տեղակալ Նասերբախտի միջեւ: Ինչպես հաղորդում է Իրանի հայկական «Ալիք» պարբերականը, Իրանահայ համայնքը հանդիպման ը ներկայացրել է Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Հովհաննիսյանը: Հանդիպմանը Նասերբախտը կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախընտրական շրջանի մեկնարկից առաջ «Պետության եւ ժողովրդի համերաշխության եւ միավորման տարի» բանաձեւից սպասելիք արդյունքները:
Քաղաքապետի գլխավոր տեղակալը կարեւորել է կրոնական փոքրամասնությունների դերակատարությունն ու շեշտել, որ Թեհրանի քաղխորհրդում այդ համայնքներից մեկ ներկայացուցչի ներկայությունը դրական ազդեցություն կթողնի նաեւ համայնքների բարեկեցության ու հասարակական աշխատանքների վրա:
Վարուժ Հովհաննիսյանը նիստի ընթացքում խոսել է Իրանում հայկական դպրոցների ու կրթօջախների, մարզամշակութային միությունների ու հասարակական կենտրոնների նյութական դժվարությունների մասին: