Կիպրաթուրքերի առաջնորդը խոսել է կիպրոսյան բանակցությունների մասին
Международные новостиԿիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Աքընջըն հայտարարել է, որ կղզու վերամիավորման հարցով մայիսից ընթացող բանակցություններում ձեռք բերված գլխավոր հաջողությունն այն է, որ հույներն ու թուրքերը ծրագրում են նոր ստեղծվելիք պետությունն անվանել «Միացյալ Կիպրոսի դաշնություն»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Աքընջըն ասել է, որ եթե բանակցություններն ընթանան նման արագությամբ, ապա հնարավոր է` առաջիկա մի քանի ամսվա ընթացքում լուծվի Կիպրոսի խնդիրը:
Նա նշել է, որ բանակցություններում չի քննարկվում կղզու նկատմամբ Թուրքիայի, Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի երաշխավոր լինելու հարցը, քննարկվում է միայն երկու համայնքների իրավահավասարության սկզբունքի հիման վրա դաշնային պետություն ստեղծելու հարցը:
Նրա խոսքով` դաշնային պետությունը պետք է ունենա վերին եւ ստորին պալատներից կազմված խորհրդարան, կիպրոսցի թուրքերն ու հույներն ազատ են լինելու կղզու ամբողջ տարածքում բնակության վայր ընտրելու հարցում, հնարավոր է` նոր դաշնային պետությունը սեփական զինված ուժեր չունենա:
Կիպրոսի խնդիրը ծագել է 1974 թվականին, երբ Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին կղզի եւ բռնազավթեցին նրա տարածքի մեկ երրորդ մասը: Թուրքիան կղզու այդ հատվածում հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որին մինչ այժմ ճանաչել է միայն Անկարան: Կղզու վերամիավորման հարցով շուրջ 40 տարի ընթացող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, քանի որ Անկարան պնդում էր կղզում «երկու իրավահավասար պետությունների համադաշնություն ստեղծել», ինչին դեմ է Կիպրոսի Հանրապետությունը եւ Արեւմուտքը: Գարնանը կղզու թուրքական հա տվածում Մուստաֆա Աքընջըի առաջնորդ ընտրվելուց հետո ՄԱԿ-ի հովանու տակ կողմերի միջեւ ընթացող բանակցություններում սկսել է առաջընթաց նկատվել: