Իրաքի տարածքի մեկ երրորդը դեռ ԻՊ-ի ձեռքում է
Международные новостиԻրաքի տարածքի մեկ երրորդը շարունակում է մնալ «Իսլամական պետության» վերահսկողության տակ՝ չնայած իրաքյան անվտանգության ուժերի, կամավորների և միջազգային դաշինքի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Յան Կուբիշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկյուցում:
«Մոսուլի՝ ահաբեկիչների ձեռքում հայտնվելուց մեկ տարի անց Իրաքի մեկ երրորդը շարունակում է մնալ ԻՊ-ի վերահսկողության տակ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ համատեղ ուժերով պայքարը չի փոխել իրավիճակը: «Թեպետ մարտին ազատագրվել է Թիքրիթ քաղաքը, սակայն մայիսի ահաբեկիչների ձեռքում հայտնվել է Ռամադին»,- նշել է Կուբիշը՝ նաև անդրադառնալով Անբարում տեղի ունեցող իրադարձություններին, որով իրաքյան ուժերը ջանքեր են գործադրում ԻՊ-ին այնտեղից վռնդելու ուղղությամբ:
Քուբիշը նշել է, որ ահաբեկչական գործողությունների հետևանքով երեք ամիսների ընթացքում ավելի քան 1200 մարդ է զոհվել, վիրավորվել է 2 հազարից ավելին: Նրա խոսքով՝ ԻՊ-ի դեմ պայքարը կհաջողվի Իրաքի և Իրաքյան Քրդստանի փոխհամագործակցության արդյունքում:
Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով,որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում:
2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: