ՄԻԵԴ-ում սկսված հետաքննությունը խիստ անհանգստացրել է Բաքվին
Международные новостиՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է հետաքննել ադրբեջանական «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը, ինչը «սառը ցնցուղի» էֆեկտ է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներիշխանական աղբյուրներից «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրություններից նախաշեմին իշխանական ճամբարի համար նման հարվածն «անսպասելի» էր:
ՄԻԵԴ-ը հետաքննությունը սկսել է Էլմար Հուսեյնովի կնոջ` Ռուշանիա Հուսեյնովայի բողոքի հիման վրա:
Հետաքննության շրջանակում ՄԻԵԴ-ն արդեն հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը եւ պահանջել ուղարկել քրեական գործի հետ կապված բոլոր նյութերը: Բաքվին խիստ անհանգստացրել է հատկապես այն պահը, որ ՄԻԵԴ-ի ներկայացրած հարցերից մեկն էլ վերաբերվում է Էլմար Հուսեյնովի սպանությանն Ադրբեջանի իշխանության մասնակցությանը:
«Իշխանությանն անհանգստացնողը հենց այս պահն է», -նշել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի` ՄԻԵԴ-ի այդ գործողությունն իշխանությունը բացատրում է Արեւմուտքի հետ Բաքվի հարաբերություններում առկա լարվածությամբ:
«Իշխանությունը հասկանում է, որ այդ հետազոտություններն ու հետաքննությունը կարող է իր համար գլխացավանքի վերածվել: Հասկանալով լրագրողի սպանության նկատմամբ միջազգային հանրության բացասական վերաբերմունքը՝ իշխանությունը որոշել է ամեն կերպ խանգարել հետաքննությանը: Սակայն, համոզիչ չէ, որ իշխանությունը կարող է հաջողության հասնել», -հայտնել է աղբյուրը:
«Ազադլըգ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մոտ ժամանակում ՄԻԵԴ-ից «լուրջ հարվածներ» են սպասվում Ադրբեջանի իշխանությանը: Նշվել էր, որ մինչ աշնանն Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է, որ ՄԻԵԴ-ը մոտ 50 քաղաքական գործերով որոշումներ ընդունի Ադրբեջանի դեմ: ՄԻԵԴ-ը վերջերս վճիռ էր ընդունել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին անձնագիր չտալու վերաբերյալ: Որոշման մեջ նշվել էր, որ Քերիմլիին անձնագիր չտալն անօրինական է: Էլմար Հուսեյնովի սպանության հետաքննության մասին ՄԻԵԴ- ը հայտարարել է այն օրը, երբ Ադրբեջանում նշվում էր ազգային մամուլի օրը: