Թուրքիայի քրդաբնակ գավառներում անկարգություններ են սկսվել
Международные новостиԹուրքիայի մի շարք գավառներում փողոցային անկարգություններ են սկսվել՝ կապված Թուրքիայի զինված ուժերի կողմից Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ ռազմական գործողությունների հետ:
Ըստ Anadolu գործակալության, թուրքական բանակի գործողությունների դեմ բողոքող քրդերը Մարդինում քարեր, դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Նրանք նաեւ ոստիկանական մեքենաներ եւ բանկոմատներ են հրդեհել: Անկարգությունների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրանետ է կիրառել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ոստիկանների դեմ հարձակումներ են գրանցվել նաեւ Շըրնաք գավառ Ջիզրե քաղաքում: Իսկ Թուրքիայի արեւմտյան Իզմիր քաղաքում ցուցարարները երկու ավտոբուս են կանգնեցրել, ինչից հետո այրել են դրանցից մեկն ու կոտրել մյուսի ապակիները: Ուղեւորներին հաջողվել է լքել ավտոբուսները, ոչ ոք չի տուժել:
Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում իրադրությունը կտրուկ սրվել է՝ Սիրիայի հետ սահմանային Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունից եւ երկրի հարավ-արեւելյան գավառներում ոստիկանների սպանությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը: