Ռուսաստանն Անկարա է ուղարկել «Թուրքական հոսք»-ի շինարարության համաձայնագիրը
Международные новостиՌուսաստանն Անկարա է ուղարկել Թուրքիայի կարիքների համար խիստ կարեւոր «Թուրքական հոսք» գազատարի առաջին փուլի շինարարության գծով համաձայնագրի նախագիծը: Մնացած փուլերի շինարարության գծով առանձին փաստաթուղթ կմշակվի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարության աղբյուրը:
«Ուղարկեցինք առաջին փուլի գծով միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Ռուսաստնայն կողմը նախապատրաստել է «Թուրքական հոսքի» ռաջին խողովակաշարի գծով իր առաջարկները եւ ուղարկել թուրքական կողմին», -ասել է աղբյուրը` նշելով, որ փաստաթուղթը թուրքական կողմին ուղարկվել է մի քանի շաբաթ առաջ:
«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Ռուսաստանից Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա տարեկան 63 մլրդ խորարանարդ մետր հզորությամբ գազատարի շինարարություն: Գազատարը պետք է բաղկացած լինի 4 թելերից եւ թուրք-հունական սահման դուրս կբերի մինչեւ 47 մլրդ խորանարդ մետր գազ:
Աղբյուրի խոսքով` սկզբնապես ծրագրվում էր պատրաստել եւ «Թուրքական հոսք»-ի շինարարության համար համապարփակ միջկառավարական համաձայնագիր ստորագրել, որը կներառեր բոլոր 4 թելերը: Սակայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին բանակցություններից հետո, որոնք տեղի էին ունեցել Բաքվում, որոշվել էր գործել փուլ առ փուլ:
«Գազատարի 2-4-րդ թելերի շինարարության շուրջ առանձին միջկառավարական համաձայնագրեր կլինեն: «Թուրքական հոսք»-ի առաջին թելն ուղղված է բացարձակապես թուրքական կարիքների բավարարմանը», -նշել է աղբյուրը: