Թուրքիայի քեմալական կուսակցությունը կոալիցիայի համար հինգ նախապայման է առաջադրել
Международные новостиԹուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հերթական կոալիցիոն բանակցություններից հետո հայտարարել է կոալիցիոն կառավարության կազմի մեջ մտնելու իր նախապայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
«Թուրքիան 5 հրատապ հարց ունի կարգավորելու: Դրանց վերաբերյալ մեր առաջարկներն ընդունելու պարագայում կմտնենք կոալիցիայի մեջ»,- ասել է քեմալական կուսակցության առաջնորդը:
Նա նախ առանձնացրել է երկրի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ գլխավորապես պետք է փոխվի ԱԶԿ կողմից տարվող քաղաքականությունը Սիրիայի, Լիբիայի, Եգիպտոսի և Իսրայելի նկատմամբ: Այդ նպատակով Քըլըչդարօղլուն առաջարկել է իր կուսակցությանը տալ արտգործնախարարի պաշտոնը: Երկրորդ կարևոր պայմանը սահմանադրական բարեփոխումներն են: Դրանցում մասնավորապես պետք է ներառված լինի ընտրական շեմը 10 տոկոսից իջեցնելու հարցը:
Քըլըչդարօղլուն կարևոր խնդիր է համարել նաև կրթական հարցը՝ նշելով, որ անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի կրթական համակարգը: Թուրքիայում առանցքային հարցերից քեմալական կուսակցության առաջնորդն առանձնացրել է նաև քրդական հարցը՝ նշելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Եվ որպես հինգերորդ պայման Քըլըչդարօղլուն առանձնացրել է երկրի տնտեսության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: