«Թուրքական հոսք»-ի գծով բանակցությունները փակուղում չեն. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան
Международные новости«Թուրքական հոսք» գազատարի շինարարության գծով նախապատարաստական աշխատանքը շարունակվում է, բանակցությունները փակուղում չեն, այժմ ասել, որ նախագծի իրականացումն ինչ-որ պատճառով հետ է ընկնում գրաֆիկից, կոռեկտ չէ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Նա ճշտել է, որ «ներկայում այդ նախագծի գծով պաշտոնական բանակցություններ սկսված չեն»:
«Բայց կան շփումներ, որոնք ուղղված են նախնական աշխատանքների անցկացմանը, քանի որ նախագիծը ծավալուն է, մենք պետք է նախապատրաստական աշխատանանքեր տանենք տարբեր հարթություններում», -ասել է Յարդըմը:
Թուրք դեսպանի խոսքով` նախագծի իրականացման հարցում «սպասումներ» ունեն եւ’ թուրքական կողմը, եւ’ ռուսասկան կողմը:
Նախագծի ուշացման հետ կապված գործակալության հարցին ի պատասխան Յարդըմն աշխատանքները համեմատել է «Հարավային հոսք»-ի հետ` ընդգծելով, որ այդ նախագծի շուրջ որոշում ընդունելու եւ իրականացման միջեւ 5 տարի է անցել:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ «Թուրքական հոսք» նախագծի առաջին փուլի իրականացման շուրջ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Անկարա, եւ Թուրքիայի պահանջարկը բավարարող գազատարի այդ գծի շինարարությունն անմիջապես կսկսվի թուրքական կողմի հետ այդ փաստաթղթերը համաձայնեցվելուց հետո:
Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Անկարան հետաձգել է «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը՝ դրա համար որպես պատճառ նշելով այն, որ ռուսական կողմը չի համաձայնվում գազի գինը նվազեցնելու Թուրքիայի առաջարկին:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիայի ուղղությամբ տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազի փոխադրման ծավալով գազատարի շինարարություն: Գազի մեծ մասը ծրագրվում է Թուրքիայից փոխադրել Եվրոպայի հարավային երկրներ: