Իրավապահները ձերբակալել են Նիժնի Նովգորոդում վեց երեխաների եւ կնոջ սպանության մեջ կասկածվողին
Международные новостиՌուսաստանի Վլադիմիրի մարզում ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են Օլեգ Բելովին, որին կասկածում են Նիժնի Նովգորոդում իր վեց երեխաներին ու կնոջն սպանելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան:
«Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքում ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են իր երեխաների եւ կնոջ սպանության մեջ կասկածվողին, որը կատարվել է Նիժնի Նովգորոդում»,- ասել է Ալեքսեեւան:
Նա նշել է, որ կասկածյալ Բելովը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել, բայց ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում, որտեղ ապրում էր բազմանդամ ընտանիք՝ մինչեւ վեց տարեկան վեց երեխաներով, գտել են անդամահատված մարմիններ:
Նիժնի Նովգորոդի ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը պլանավորել էր հանցագործությունը: «Սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ կարելի է ենթադրել, որ այն պլանավորված է եղել»,- նշել են ոստիկանությունում: