Զինյալները ռազմավարական կարևոր նշանակության տարածքներ են գրավել Համայում
Международные новостиՍիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Համայի շրջանում՝ Սահլ ալ Ղաբ դաշտավայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված ծայրահեղական խմբավորման անդամներին կրկին հաջողվել է այնտեղ գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ ու գյուղեր, որոնք շաբաթվա սկզբին ազատագրվել էին բանակի կողմից: Նրանց հարձակումները բնակիչներին, որոնց մեծամասնությունը ալաուիներ են, ստիպել է հեռանել իրենց տներից:
Տեղեկություններ կան, որ զինյալները վերահսկողություն են հաստատել Բահսա և Սաֆսաֆա բնակավայրերի վրա և մոտեցել են Ջուրին քաղաքին: Փորձագետների կարծիքով, քաղաքի գրավումը զինյաներին հնարավորություն կտա դուրս գալ Լաթաքիայի արևելքում գտնվող ալաուիական լեռնային շրջաններ և սպառնալիք դառնալ նախագահ Բաշար ալ Ասադի հայրենի Կարդահ քաղաքի համար:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ` «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Հոմսի արևելքում գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարյատեյն քաղաքը, որտեղ դեպի Կալամուն և Արևելյան Ղուտա շրջան տանող ճանապարհներ կան:
Լաթաքիայի շրջանում սիրիական բանակը հայտարարել է, որ մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ, որի արդյունքում 10 զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց մի քանի փոխադրամիջոցները:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրումվերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցելէ 220 հազարը: