Իրանն Ադրբեջանում հանդիպեց թշնամիների ծայրահեղ պահանջներին. հոգեւոր առաջնորդի խորհրդական
Международные новостиԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենիի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական եւ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վիլայեթին Թեհրանում անցկացված գիտաժողովում հայտարարել է, որ Իրանն Ադրբեջանում հանդիպել է «թշնամիների ծայրահեղ պահանջներին»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Իրանի կիսապաշտոնական «Մեհր» լրատվական գործակալությունը, Երկրորդ միջազգային սահմանադրական հեղափոխության գիտաժողովում ունեցած ելույթում նշելով, որ սիրիացիները չընկան «ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում հետադիմական վարչակարգերի» թակարդը, Վիլայեթին ասել է. «Իրանը հատկապես Ադրբեջանում, առերեսվել է թշնամիների անսահման պահանջներին եւ չնայած դրան, այժմ գտնվում է Իսլամական Հանրապետության իմաստուն ղեկավարության գլխավորությամբ զարգացման ճանապարհին»:
Վիլայեթին չի մանրամասնել, թե ինչ թշնամիների է հանդիպել Ադրբեջանում:
Վիլայեթին հավելել է, որ Իրանն անտարբեր չի մնալու տարածաշրջանում այլ երկրների ճակատագրին: Նրա խոսքով` տարածաշրջանի երկրների հետ համերաշխությանը հետեւելուց բացի, ելենելով իր ազգային անվտանգության շահերից, Իրանն «առանց նախապայմանների» պետք է օգնություն ցուցաբերի այդ երկրներին:
Իրանի կրոնական առաջնորդի խորհրդականը Սիրիայում ճգնաժամի համար մեղադրել է ԱՄՆ-ին եւ տարածաշրջանում նրա «խաղալիք» հանդիսացող Քաթարին:
«Իրանն աջակցում է Եմենի, Իրաքի եւ Սիրիայի հասարակություններին», -ասել է Վիլայեթին` ակնարկելով տարածաշրջանում շիաներին արվող Թեհրանի աջակցային քաղաքականությունը: