Կորսիկայի անկախության կողմնակիցները պայքարելու են կղզում իշխանության հասնելու համար
Международные новостиԿորսիկայի ինքնուրույնության կողմնակիցները իրենց գաղափարների լայն աջակցություն են զգում ընտրողների շրջանում եւ մտադիր են լրջորեն պայքարել կղզում իշխանության հասնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ օգոստոսի 9-ին հանդես է եկել «Ազատ Կորսիկա» քաղաքական կուսակցության ղեկավար եւ տարածաշրջանային օրենսդրական ժողովի պատգամավոր Ժան Գի Տալամոնին՝ Կորսիկայի Կորտե քաղաքում ելույթ ունենալով անկախության համար մարտիկների եվրոպական շարժումների տարեկան համագումարում:
«Մենք շահել են 40 տարի առաջ սկսված պայքարը: Մեր գաղափարներն իշխում են կորսիկական հասարակության մեջ եւ նույնիսկ կղզու քաղաքական դասի շրջանում»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերել է Agence France-Presse-ը:
Ինչպես հիշեցրել է Տալամոնին, սկսած 2010 թվականից Կորսիկայի օրենսդիր ժողովը, որում մեծամասնությունը պատկանում է ձախ կուսակցությունների ներկայացուցիչներին, հետեւողականորեն քվեարկել է կղզու ինքնավարացման գաղափարներով ոգեշնչված օրենքների ընդունման օգտին: Մասնավորապես, վերջին տարիներին կորսիկերենն այնտեղ ստացել է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ, ինչի համար տեղի ազգայնականները պայքարում էին մի քանի տասնամյակ:
Բացի այդ, Կորսիկայում օրենսդիր ժողովի որոշմամբ հարկային բարեփոխում է իրականացվել՝ ի շահ տեղական բյուջեի: Նաեւ որոշում է ընդունվել Կորսիկայի երկու դեպարտամենտները մեկ վարչատարածքային միավորման մեջ միաձուլելու մասին:
Դրա հետ մեկտեղ թվարկված օրենսդրական նախաձեռնություններից միայն վերջինն է արդյունքում հավանության արժանացել հանրապետության կառավարության մակարդակով: Չնայած դրան, Տալամոնիի համոզմամբ, դինամիկան վկայում է այն մասին, որ Կորսիկայի ինքնուրույնության գաղափարը խորապես արմատացել է ինչպես ընտրողների, այնպես էլ տեղի քաղաքական գործիչների գիտակցության մեջ: Այսպիսով, կղզու անկախության կողմնակիցների առջեւ նոր հեռանկարներ են բացվում իշխանության տարածաշրջանային մարմինների՝ այս տարվա վերջին կայանալիք ընտրություններում:
Կորսիկան երկար տասնամյակներ մնում է Ֆրանսիայում անջատողականության գլխավոր կենտրոններից մեկը: Միջերկրածովյան այս կղզին նրա կազմում է գտնվում 1768 թվականից, երբ այն Ֆրանսիայի թագավորությանը հանձնեց Ջենովայի Հանրապետությունը՝ ի հաշիվ Փարիզի հանդեպ պարտքերի վճարման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: