Լրագրողի սպանության մեջ մեղավոր է Ալիեւի վարչակարգը. քաղաքական գործիչ
Международные новостиԱդրբեջանում լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության մեջ մեղավոր է Իլհամ Ալիեւի վարչակարգը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի մտքի ազգային ռազմավարական կենտրոնի ղեկավար Իսա Ղամբարը` լրագրողի հուղարկավորության ժամանակ ունեցած ելույթում, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտվիստներ, լրագրողներ:
«Ռասիմ Ալիեւը զոհվել է ազատ խոսքի համար: Նրա մահվան մեջ մեղավորն ամենաթողություն ծնող ռեժիմն է, որը հնարավորություններ է ստեղծում լրագրողների եւ ընդհանրապես` ազատ մտածող մարդկանց դեմ հանցագործություններ կատարելու համար: Կգա ժամանակը եւ այս ռեժիմը պատասխան կտա կատարած հանցագործությունների համար», -ասել է Ղամբարը:
Լրագրող-հետազոտող Շահվելեդ Չոբանօղլուն հայտարարել է, որ Ռասիմ Ալիեւի սպանությունը երկրում հատկապես լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտի արդյունք է:
«Յուրաքանչյուրը գտնում է, որ լրագրողներին կարելի է վերաբերվել այնպես, ինչպես դա անում է իշխանությունը: Կարծիք է ձեւավորվել, որ անկախ, ընդդիմադիր լրագրողներին կարելի է հանգիստ ծեծի ենթարկել: Երբ մարդիկ տեսնում են, որ ոստիկանությունը ծեծում է լրագրողներին եւ անպատիժ մնում, այդ ժամանակ սկսում են կարծել, որ կարելի է մամուլի դեմ ուժ կիրառել», -ասել է Չոբանօղլուն:
Օգոստոսի 8-ին Ռասիմ Ալիեւը դաժան ծեծի է ենթարկվել «Գաբալա» ֆուտբոլի ակումբի խաղացող Ջավիդ Հուսեյնովի ազգականների կողմից: Ծանր մարմնական վնասվածքներ ստացած լրագրողը օգոստոսի 9-ին մահացել է Բաքվի կլինիկական կենտրոնում:
Սոցիալական մամուլի համաձայն` լրագրողի սպանության պատճառն այն է, որ նա Facebook-ի իր էջում քննադատել է Ջավիդ Հուսեյնովին կիպրոսցի լրագրողի դեմ կոպիտ վերաբերմունք ցուցադրելու համար: