Ադրբեջանի նավթային հիմնադրամը երկու օրում 18 մլն դոլար է կորցրել
Международные новостиՉինաստանի ազգային արժույթի` յուանի արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որն այդ երկրի պետբյուջեի հիմնական մատակարարն է, վերջին երկու օրերի ընթացքում 18 մլն դոլար է կորցրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը:
Չինաստանի ժողովրդական բանկը (կենտրոնական բանկը) չորեքշաբթի եւս 1,6 տոկոսով իջեցրել է ժենմինբիի (յուանի պաշտոնական անվանունը) փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ` հասցնելով 6,33 միավորի, ինչը հանդիսանում է նվազագույն ցուցանիշը 2012 թավականի սեպտեմբերից:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Չինաստանի պետական ակտիվներում 3 մլրդ յուան (500 մլն դոլար) ներդրումներ կատարելու համար 2014 թվականին այդ երկրի կենտրոնական բանկից արտոնագիր է ստացել: Արդյունքում այդ գործարքն իրագործվել է այս տարվա հուլիսին: Սակայն չինական յուանը վերջին օրերին մոտ 2 տոկոսով անակնկալ կերպով արժեզրկվել է:
Այդ առնչությամբ ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Իլհամ Շաբանը «Ազադլըգ»-ի հետ զրույցում ասել է, որ մայիսից բոլորը սկսել էին լքել չինական շուկան, սակայն չնայած դրան, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հավատալ Չինաստանի տնտեսության ապագային:
Նրա խոսքով` չինական ընկերությունների պարտքը կազմում է 16,1 տրիլյոն դոլար եւ մոտ ապագայում այն կարող է հասնել 28,8 տրիլյոն դոլարի:
«Ափսոս, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ներկայացուցիչները հաշվի չեն առել այս իրողությունները, եւ Ադրբեջանի ժողովրդին պատկանող 500 մլն դոլարը դրել են լուրջ ռիսկի տակ», -ասել է նա:
Թերթը գրում է, որ Չինաստանի ակտիվներում դրված ադրբեջանական փողերը կորան, եւ Ադրբեջանի պետական ավթային հիմնադրամի սխալ որոշումների պատճառով վերջին 2 տարում հարյուրավոր մլն դոլարի կորուստ տեղի ունեցավ: