Փենյանն «անխնա հարվածներով» կպատասխանի Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժություններին
Международные новостиՓենյանը խոստացել է «անխնա հարվածներով» պատասխանել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի՝ օգոստոսի 17-ին պլանավորված Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Հյուսիսային Կորեայի Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի հայտարարության մեջ, որը տարածել է ՑՏԱԿ գործակալությունը:
«ԿԺԴՀ-ն լիովին պատրաստ է դիմակայելու պատերազմ վարելու բոլոր մեթոդներին եւ բավականաչափ ուժեր ունի զսպելու ԱՄՆ-ի կողմից հրահրվող միջուկային հակամարտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոմիտեի ներկայացուցիչը առաջիկա զորավարժությունները համարել է «ԿԺԴՀ ներխուժելու նախապատարստություն»՝ դրանք համեմատելով «պատերազմ հայտարարելու» հետ:
Զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու Կյոնգիդո մարզում, կմասնակցեն շուրջ 2 հազար զինծառայողներ, գործի կդրվեն Կ-2 հարավկորեական տանկեր, Կ-21 զրահափոխադրիչներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, «Սուրյոն» ուղղաթիռներ եւ FA-50 Fighting Eagle ինքնաթիռներ: Ամերիկյան կողմը վարժանքներին կուղարկի Bradley հետեւակի մարտական մեքենաներ, Paladin հաուբիցներ, Apache ուղղաթիռներ եւ A-10 ռմբակոծիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: