ԻՊ-ին միանալու համար Սիրիա են մեկնում նաեւ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները
Международные новостиՍիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու եւ կառավարական ուժերի դեմ կռվելու համար բացի Ադրբեջանի քաղաքացիներից Սիրիա են մեկնում նաեւ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով minval.az լրատվական կայքը, ԻՊ-ին միանալու նպատակով Սիրիա է մեկնել Սարատովում բնակվող 23-ամյա ադրբեջանցի մի երիտասարդ: Նրա ծնողներն ու հարազատները ցնցված են այդ իրողությամբ: Երիտասարդի քույրը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել է, որ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսանող իր եղբայրը հանկարծակի մորուք է թողել, չնայած իրենք շիա են, սկսել է հաճախել սունի մզկիթ եւ մի օր էլ անհայտացել: Հետագայում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց ի միջոցով պարզվել է, որ նա Թուրքիայի տարածքով անցել է Սիրիա եւ միացել ԻՊ-ին:
Երիտասարդը քրոջը պատմել է, որ ներկայում մարտիկի հատուկ վարժեցում է անցնում Իրաքում, եւ մի քանի օր հետո զենք կստանա ու կմեկնի կռվելու Սիրիայում:
Նրա քույրը դիմել է ՌԴ Հանրային պալատի ԻՊ-ի դեմ պայքարի գծով «թեժ գիծ»: Երիտասարդ ադրբեջանջու որոնումներով ներկայում զբաղվում են ՌԴ ՆԳՆ-ն եւ Դաշնային անվտանգության ծառայությունը: Ծրագրվում է նրա նկատմամբ միջազգային որոնում հայտարարել:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ օրերս Անկարայի Էսենբողա օդանավակայանում ձերբակալվել է ԻՊ-ին միանալու համար Թուրքիա ժամանած Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության համաձայն` ԻՊ ահաբեկչական խմբավորումը ծրագրել է մոտ ժամանակում փոխել իր շարքերը լրացնելու համար երիտասարդների հավաքագրման ռազմավարությունը եւ այդ գործունեությունն արաբական տարածաշրջանից փոխադրել Կովկաս, Միջին Ախջայի երկրներ եւ Ինդոնեզիա: Այս մասին, ըստ գործակալության, ասվում է Եգիպտոսի կրոնական գործերով գլխավոր վարչության հրապարակած զեկույցում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 1500-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: